Մայիս 03, 2016 10:43 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Հույս ունենք այս հաղորդաշարի նախորդ համարներն արժանացել են Ձեր ուշադրության: «Ծանոթանանք իրանական մշակույթին ու ցեղախամբերին» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսելու ենք իրանական մշակույթում սգո արարողության մասին: Ընկերակցեք մեզ:

Իրանական մշակույթում սգո մասին առաջին հիշատակությունը Սիավոշի մահն է: Բուխարայի պատմության մեջ ասված է.«Բուխարայի ժողովուրդը սգում է Սիավոշի սպանվելը, այդ մասին գիտեն բոլոր շրջաններում, նվագածուները երգ են հորինել այդ առիթով, տաղասացներն այն մոգերի լաց են բնութագրել և այս խոսքը երեք հազար տարվա վաղեմություն ունի»:

Բուխարայի պատմությունից բացի, Սամարղանդի մոտակայքում հայտնաբերված որմնանկարներում սգավոր է պատկերված, որն ըստ երևույթին սգում է Սիավոշի մահը: Այդ որմնանկարում պատկերված է մի գահավորակ, որի վրա ննջում է Սիավոշը և ժողովուրդը կուրծք է ծեծում:

Հաղորդման այս բաժնում տապանաքարերի պատմական ու գրական հարստությունների մասին լսենք փորձագետ Ռաանա Քարգյարին:

-Հին ժամանակներից մինչ այսօր շիրմաքարերը պատմական արժեքավոր տեղեկություններ են փոխանցել: Շիրմաքարերի տեսքը ոչ միայն կապված է եղել ժողովրդի համոզումների հետ, այլև առնչություն է ունեցել տվյալ տարածքի ճարտարապետության հետ: Նախնիների մասին տեղեկությունների մեծ մասը փոխանցվել է շիրմաքարերի գրությունների միջոցով: Շիրմաքարերի վրա փորագրության ավանդույթը շարունակվում է մինչ օրս և շիրմաքարերի վրա քանդակված յուրաքանչյուր նշան վկայում է այդ տարածքի կրոնական ու ավանդական բարքերի մասին, որն առնչություն ունի հանդերձյալ կյանքի ու հավիտենության մասին տվյալ ժողովրդի համոզումների հետ: Իրանի տարբեր քաղաքներում նահատակների շիրմաքարերի վրա տարբեր գրություններ ու նշաններ են փորագրված: Օրինակ «հավիտենական դամբարան» նշանակում է, որ կյանքը մահով չի ավարտվում կամ «մահը հավիտենություն է» և «վկայախոս նահատակ» հասկացությունները անդրադառնում են նահատակի ողջ լինելուն, ինչը բազմիցս շեշտվել է Ղուրանում:

***************

Շիաների երրորդ իմամ` իմամ Հոսեյնի համար առաջին անգամ սգացել են նրա նահատակությունից մի քանի տարի անց, Մեդինայում: Պատմության վկայությամբ այդ արարողությունը կայացել է հիջրեթի 65 թվին, Քյարբալայի նահատակների վրեժը լուծելու համար Մուխթարի ղեկավարությամբ տեղի ունեցած Ալավյանների ընդվզումից հետո:

Իրանում իմամ Հոսեյնի սգո արարողությունը տարածվել է Ալե-Բույե դինաստիայի Ահմեդ Մոազեդդին թագավորի օրոք: Նախքան Ալե-Բույե դինաստիան, շիաներն ու ալավիները համախմբվում էին սգալու համար, սև էին հագնում, տների դռներին սև կտավներ էին կախում: Թասուայի և Աշուրայի օրերին իմամ Սադեղը տանն էր մնում և մերձավորները նրան այցելելով ցավակցում էին: Սակայն երկրի ղեկավարության ճնշման և հզոր հովանավոր չունենալու պատճառով, այդ արարողությունը համատարած չեր Իրանում: Աբբասի խալիֆաների ճնշումն օրավուր ավելի էր սաստկանում, այնպես որ Մոթվաքել Աբբասիի օրոք, նրա թուրք զորայինների միջոցով ավերվեց իմամ Հոսեյնի սրբավայր դամբարանը: Մոթվաքելը հրամայեց ավերել իմամ Հոսեյնի դամբարանը և ջուր լցրեց Քյարբալայի բոլոր շիրիմների վրա:

Ալե-Բույեի շիա իշխանությունը հաստատվելով, արմատավորվեց մոհառռամի սգո արարողությունը: Այդ ժամանակաշրջանում մոհառռամ ամսում կայանում էին մեծ մասշտաբներով սգո արարողություններ: Շիաների կենտրոնը հանդիսացող Բաղդադի Քյարխ թաղամասում ավելի մեծ շուքով էր նշվում այդ արարողությունը: Սգո օրերին Ղոմում, Քաշանում, Սաբզեվարում և Սավեում ոչ-աշխատանքային օրեր էին հայտարարվում և շիաները սգում էին իմամ Հոսեյնի մահը: Այդ ժամանակաշրջանում հիմք դրվեց ջուր և հյութ հյուրասիրելու ավանդույթին: Սգավորները սևով էին պատում փողոցները և ողբ էին ասում: Այդ ժամանակաշրջանում խորհրդանշաններ կրելու սովորություն չկար:

************

 Ալե-Բույե դինաստիան կործանվելով, իմամ Հոսեյնի սգո արարողությունը գաղտնի էր տեղի ունենում: Մինչև Թեյմուրյանների ժամանակաշրջանն ավարտվելը վկայություններ չկան սգո արարողությունների անցկացման մասին: Թեյմուրյանների օրոք, Մոլլա Մուհամմեդ Վաեզ Քաշեֆին հեղինակեց «Ռոզաթ Ալ-Շոհադա» գիրքը: Թեյմուրյանների վերջին թագավոր` Սուլթան Հոսեյն Բայղորայի ժամանակաշրջանից, Թեյմուրյանների մայրաքաղաք հանդիսացող Հարաթում կայացան սգո արարողություններ: Թեյմուրյանների օրոք շիաներն ավելի ազատ էին իրենց ծեսերը կատարելու հարցում: «Ռոզաթ Ալ-Շոհադա» գիրքը սգո արարողությունների վերաբերյալ ամենանշանավոր գիրքն է, այնպես որ Ղաջարների օրոք, սգո հանդիսությունների ժամանակ, «Ռոզաթ Ալ-Շոհադա» կարդացողները «ռոզեխան» էին կոչվում և այդ բառի կիրառումը շարունակվեց մինչ օրս:

Իրանում Սեֆյաններն իշխանության հասնելով և շիականությունը երկրի պաշտոնական դավանանքը ճանաչվելով, ավելի մեծ նշանակություն ստացավ իմամների, հատկապես իմամ Հոսեյնի սգո արարողությունների կազմակերպումը: Սեֆյանների օրոք, սգո հանդիսությունները սկսեցին նշել բացօդյա տարածքներում: Այդ ժամանակաշրջանում ողջ Իրանում, հատկապես Ղոմում և Քաշանում ավելի շքեղ էր նշվում այդ արարողությունը: Սգո հանդիսության շքեղ կազմակերպման համար մրցակցություն էր ծավալվում քաղաքներում ու թաղամասերում: Յուրաքանչյուր թաղամաս փորձում էր հատուկ ձևերով ավելի շքեղ նշել այդ միջոցառումը և ապացուցել իր գերակայությունը:

Համենայնդեպս սգո ավանդույթների մեծ մասը ձևավորվեցին կամ զարգացան Ղաջարների օրոք: Այդ ժամանակաշրջանում սգո արարողությունների համար նկատի առնված վայրերը Հոսեյնիե կոչվեցին: Ավելի վաղ անցյալում այդ անունով շենք չի եղել: Նասերեդդին շահը մեծ ուշադրություն տածեց Մուհառռամի միջոցառմանը և ողբասացության կենտրոն հիմնադրեց: Ղաջարների օրոք ավելի զարգացավ թաըզիեի` ողբասացության արվեստը, որը ձևավորվել էր Սեֆյանների օրոք և նոր տեսք էր ստացել Զանդիեի ժամանակաշրջանում: Ղաջարների օրոք տարածվեց գովերգությունը և խորհրդանշաններ կրելու սովորույթը: Ամեն տարի Իրանի ժողովրդի ու կառավրության կողմից հատուկ արարողություններով նշվում է այդ միջոցառումը:

************

Սեֆյանների դինաստիայի ձևավորվելը միայն քաղաքական փոփոխություն չեր: Որովհետև նրանց իշխանության հասնելով, փոփոխության ենթարկվեցին երկրի մշակութային հիմքերը: Շահ Իսմայիլ Ա-ի թագավորության շրջանում, շիականությունը երկրի պաշտոնական դավանանքը հայտարարվեց: Սակայն Սեֆյանների խնդիրն այն էր, որ ժողովուրդը ծանոթ չեր 12 իմամների հաջորդականությունն ընդունած շիաների` իսնաաշարիականության կանոնները: Որովհետև իմամների իրավագիտության մասին գիրք չկար: Այնպես որ այդ դավանանքը քարոզելու համար կանգնած էին կրոնագետների և կրոնական գրքերի սակավության խնդրի առջև: Ուստի փորձեցին Իրան բերել շիա արաբ գիտնականներ: Կրոնագետների Իրան մուտք գործելով, տարածվեց շիականությունը և նրա մշակույթը: Մշակութային այդ տարրերից, որ հատուկ ազդեցություն է թողել իրանցի կանանց վրա, իմամ Հոսեյնի սգո արարողությունը և ողբասացության միջոցառումների կազմակերպումն է:

Չնայած իմամ Հոսեյնի առիթով սգո հանդիսություններ են տեղի ունեցել իմամների ժամանակաշրջանից և տարածում են գտել փրկչական 963 թվականին, Ալե Բույեի սուլթանների օրոք, սակայն մինչև Սեֆյանների ժամանակաշրջանը երբեք այն հասարակական հզոր կառույցի չի վերածվել: Այնպես որ Ալե-Բույեի դինաստիան կործանվելով, թուլացավ այդ ավանդույթը և Սելջուկների թագավորության շրջանում կատարելապես վերացավ: Սակայն Սեֆյանների դինաստիան հաստատվելով, փորձեցին իմամ Հոսեյնի սգո արարողությունը կազմակերպել տանը և տանից դուրս` մզկիթներում, սգո համար հատկացված վայրերում, աղոթատեղիներում և շուկաներում: Այդպիսով իմամ Հոսեյնի սգո հանդիսությունը հասարակական կառույց դարձավ: Այն իմաստով, որ Սեֆյանների դինաստիայի կործանվելուց հետո, ոչ միայն չվերացավ այդ ավանդույթը, այլև օրըստօրե ծաղկեց ու հզորացավ: 

Պիտակ