Մայիս 03, 2016 10:38 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» հաղորդաշարի հերթական զրույցը: Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք լոռ և բախթիարի ցեղերի որոշ յուրահատկությունների մասին: Նախորդ զրույցը շարունակելով, այսօր կխոսենք լոռերի և բախթիարիների երաժշտության և նրանց խաղերի մասին: Ընկերակցեք մեզ:

Բախթիարիների երաժշտությանն ու պարին ծանոթանալու համար հատուկ ուսումնասիրություն է պահանջվում, որի միջոցով կարողանանք պատկերացում կազմել նրանց մեղեդիների, ռիթմերի  և երաժշտության հիմքերի մասին: Այդ կապակցությամբ կարևոր է նաև երգերի ուսումնասիրությունը: Սակայն այս հաղորդման ընթացքում ընդհանուր հայացք կնետենք ցեղերի երաժշտությանը:

Բախթիարի ցեղախմբի մոտ երաժշտությունը հավիտենական կապի մեջ է կյանքի հետ: Բախթիարի երաժշտության տոնայնությունները «բեյթ» են կոչվում, որոնցից ամենանշանավորներն են հովվականը, հողագործականը, Աբոլղասեմխանին, Շիրալի Մարդունը:  Ամեն ցեղ ունի իր նվագիչները, որոնք «Թուշմալ» են կոչվում: Թուշմալները առանձին տոհմից են սերում և առանձին են ապրում: Նրանք իրենց ապրուստը հոգում են հարսանյաց, սգո և այլ արարողություններին մասնակցելով: Նրանք զբաղվում են նաև հողագործությամբ ու անասնապահությամբ: Հարսանյաց հանդեսներում թուշմալները տեղացի բանաստեղծների երգերն են երգում, որոնց թեման ընդհանրապես սիրային է կամ ցեղի քաջերի սխրագործություններն են:

Այդ երգերում հետաքրքիր կետեր կան տարբեր հարցերի նկատմամբ տարածքի ժողովրդի հայեցակետերի մասին: Թուշմալները հունձքի ժամանակ հրավիրվում են և երգեր են կատարում: Նրանք իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում երգեր, անեկտոդներ ու առածներ հորինելով: Թուշմալները մեծ դերակատարություն ունեն Բախթիարիների բանահյուսության ստեղծման մեջ: Նրանցից մի խումբը շրջիկ է: Այսինքն ամռանը մեկնում են ամառանոց, իսկ ձմռանը ձմեռանոց: Թուշմալները վարպետորեն ժամեր սազ ու դհոլ են նվագում: Այժմ ձեզ հրավիրում ենք ունկնդրել Թուշմալների մի կատարումը:

***********

Չահարմահալ և Բախթիարի նահանգում տոների ժամանակ հատուկ պարեր են պարում, որոնցից ամենանշանավորներն են` հարսանյաց պարը, թաշկինակի պարը, արագ կամ դանդաղ պարերը և արձանի պարը: Հարսանյաց հանդեսում տղամարդիկ պարում են նաև փայտի պարը, որի ընթացքում մեկը երկար ճիպոտ է վերցնում ձեռքը, մյուսն ավելի թույլ ճիպոտ և հարձակվում է դիմադրողի վրա թուշմալի սազի ռիթմին համահունչ շարժումով: Այս խաղը «չուբբազի» (փայտի խաղ) է կոչվում:

*************

Լոռեստանի երաժշտությունը բազմազան է և վաղեմի անցյալ ունի: Այն բաժանվում է երկու գլխավոր մասերի` երգ-երաժշտություն և սազային երաժշտություն: Հնեաբանական պեղումների ընթացքում լոռերով բնակված շրջանում հայտնաբերվել է Մթա. չորսհազարամյա վաղեմություն ունեցող կավե իր, որի վրա պատկերված է պարի տեսարան: Գոյություն ունեցող փաստերի համաձայն, այդ ժամանակաշրջանի արծաթյա իրերի վրա պատկերված են եղել երաժշտական գործիքներ, ինչպես շեփորն ու տամբուրը: Դրանք վկայում են, որ Սասանյանների օրոք այդ ցեղերի մոտ տարածված է եղել երաժշտությունը: Այսօր ևս մեզ են հասել ավանդական մի շարք մեղեդիներ:

Հաղորդման այս բաժնում իրանական ցեղերի, հատկապես լոռերի երաժշտության վերաբերյալ լսենք պրն. Մահբոդ Մաքիին.

Ողջույն բարեկամներ: Էթնոերաժշտագիտությունը մի ճյուղ է ազգագրության ու երաժշտագիտության միջև: Այս ճյուղը ստիպում է երաժշտության ընդհանուր ցուցանիշերին ծանոթանալուց բացի, տեղեկանալ աշխարհագրության, հումանիտար հոսքի աշխարհագրության, տնտեսական աշխարհագրության և ցեղերի բարքերի մասին:

Առօրյա երաժշտությունը հիմնականում շուր լադի տեսակ է: Այն ինչ երգում է շրջիկ մանրավաճառ ծերունին, կամ ազնիվ աղբահավաքը երգում են շուր լադում: Շուրն ամենամեծ իրանական լադն է , որն արտահայտում է վեհ զգացմունքներ: Հասարակ մարդն առանց որևէ գործիքի ճիշտ նոտաներով երգում է: Լոռեստանում երգերը հիմնականում Մահուր լադում են երգվում, որը ուրախ լադ է և բնության կենսուրախությունն է փոխանցում: Քանի որ Լոռեստանի բնությունը շատ գեղեցիկ է և բոլորը գիտեն, որ աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժները Լոռեստանում են:

**************

Լոռերի երգ-երաժշտությունը յոթը մասերի է բաժանվում, որոնք են` լիրիկական ու սիրային երգեր, էպիկական ու ռազմի երգեր, սգո երգեր, աշխատանքի երգեր, հաղթանակի և հոգևոր երգեր: Լոռերի երաժշտական գործիքներն են` զուռնան, դհոլը, թառը, քամանչան և թոնբաքը կամ թմբուկը: Քամանչան տարբերվում է մյուս ցեղերի նվագարաններից: Լոռերի հայտնի երգերից են` Ղադամ խեյրը, Ռանգինեն, Քյաֆշե թալան, Սանամ գոլը և Հալու գյանդոմը:

Լոռերի էպիկական երգերը ոգեշնչել են ցեղի բնակիչներին պատերազմների մասնակցելու ուղղությամբ, ինչպես Դայե-դայեն կամ էլ վառ են պահել հերոսների հիշատակը: Հաղորդման ավարտին Ձեզ ենք ներկայացնում Դայե-դայե երգը, որը տարածված է եղել սրբազան պաշտպանության տարիներին:

Պիտակ