Մայիս 03, 2016 10:33 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգելի ունկնդիրներ: Հույս ունենք «Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին» հաղորդաշարի նախորդ համարները արժանացել են Ձեր ուշադրության: Նախորդ թողարկման ընթացքում խոսքեցինք Լոռեսթանի լոռերի մշակութային ու հասարակական յուրահատկությունների մասին: Այսօր կանդրադառնանք Բախթիարի լոռերի մշակութային ու հասրակական տարբեր կողմերին: Ընկերակցեք մեզ:


Պատմական աղբյուրների համաձայն, Բախթիարի է կոչվում Իրանի մեծ ցեղախմբերից մեկը, որը հայտնի է նաև Լոռե բոզորգ (մեծ լոռ) անունով: Ոմանց կարծիքով Լոռե Բախթիարի անվանումն առաջացել է այն ժամանակ, երբ Իրանը մասնատված էր ու տարբեր իշխանություններ էին տիրում երկրում և Լոռեսթանի Աթաբաքանի իշխանության սահմանները մոտ էին Բախթիարիների բնակության տարածքներին:


Լոռե քուչաք (փոքր լոռ) է կոչվում այն տարածքը, որտեղ ապրում են այսօրվա Լոռեսթանի և Իլամի բնակիչները: Աքեմենյանների և Սասանյանների օրոք Լոռեսթանը հսկայական Պարսկաստանի մաս էր կազմում: Հետիսլամական շրջանում, Աբբասյան խալիֆաների ժամանակաշրջանից սկսած Լոռեսթանն ավելի մեծ տարածք էր զբաղեցնում և նրա սահմանները ձգվում էին Համադանից մինչև Սպահանի Ֆրեյդանի տարածքը:


Ղաջար դինաստիայի Ֆաթհալիշահի թագավորության օրոք, Բախթիարին Ֆարս նահանգի մաս էր կազմում և Քարունի գետը սահման էր հանդիսանում Պարսկաստանի և Իրաքի միջև: 1831 թվականից Բախթիարին մերթ Սպահանի և մերթ Խուզիստանի մաս էր կազմում:


Պատմության ընթացքում Բախթիարիները միշտ մասնակից են եղել քաղաքական, զինվորական և առևտրական ոլորտներում: Հատկապես նրանք յուրահատուկ դիրք են զբաղեցրել որպես սեֆյանների զորայիններ: Ակնառու ներկայություն են ունեցել Զանդիեի կազմավորումից մինչև Սահմանադրական հեղափոխության, այնուհետև նավթընկերության կազմավորման ժամանակաշրջանում, ինչպես նաև Իրան-Իրաք պատերազմում:


Բախթիարիների պատմությունն առաջին անգամ գրի է առել զորավար Ասադ Բախթիարին: Բախթիարի լոռերը շիա մուսուլմաններ են: Լոռերը մասամբ խառնվել են թուրք և սամի ցեղերի հետ, բայց ավելի շատ նրանք ազգակցական կապեր են հաստատել քրդերի հետ: Որովհետև լոռերենը քրդերենին մոտ լինելուց բացի, լոռերի դեմքն էլ իրանական ցեղերին է նմանում:


Լոռերն ազգակցական սերտ կապեր ունեն պարսիկ ցեղախմբերի հետ և լոռի բարբառները շատ մոտ են իրանական լեզուներին, հատկապես արշակունի և սասանի պահլավերենին: Աշխարհագրական դիրքից ելնելով և այդ ցեղախմբերի կենավայրը դժվարանցանելի շրջաններում լինելով, լոռերենը չի խառնվել թուրքերենին ու արաբերենին:


Ռուս իրանագետ` Դոխանիկովն այսպես է բնութագրել լոռերին. –Ֆիզիկապես ուժեղ, միջին հասակով, շագանակագույն աչքերով, սև մազերով, խիտ հոնքերով: Ունեն դեպի շրթերը կորացած մեծ արծվաքիթ, ուղղանկյուն կազմվածք և ընդգծված այտեր:


Ինչպես բոլոր քոչվոր ցեղերը, լոռերը նույնպես զբաղվում են անասնապահությամբ և ինչ-որ չափով գյուղատնտեսությամբ: Լոռերի որոշ ցեղեր դեռ վրանաբնակ են:


************


Որպես լոռերի կարևոր ցեղախումբ, Բախթիարիների բնակության շրջանն է համարվում Ֆարս նահանգից մինչև Սպահան, Խուզիսթան ու Լոռեսթան: Բախթիարիները բաժանվում են երկու մեծ գերդաստանների` Հաֆթ լոնգ և Չահար լոնգ անուններով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ճյուղավորումները:


Ինչպես մյուս ցեղախմբերը, բախթիարիների մի մասը բնակավորված է, իսկ մի մասը դեռ վրանաբնակ է: Բախթիարիների ամառանոց ու ձմեռանոց մեկնելը տեղի է ունենում Սպահան, Ֆարս և Խուզիսթան նահանգներում: Բախթիարիների տարածքն են համարվում Չահարմահալ ու Բախթիարի, Խուզիսթան և Սպահան նահանգի որոշ հատվածները և Լոռեսթանի արևելյան հատվածը: Ուստի ոմանք բախթիարիներին քուրդ, իսկ մեծամասնությունը նրանց լոռ է համարում:


Հաղորդման այս բաժնում լսենք ազգագրագետ պրն. Ավշարիի բացատրությունը լոռերի մասին:


-Լոռերն ունեն տեղական արարողություններ, որոնք Իրանի մյուս շրջանների ծեսերին նման լինելով, նաև ցույց են տալիս բախթիարիների յուրահատկությունները:


Այդ արորողություններից է անձրև տենչալը, որը տեղի է ունենում երաշտի ժամանակ: Երբ անձրևներ չեն լինում, ընտրում են անբեղ ու անմորուս մի տղամարդու: Նրա համար բեղ ու մորուք են դնում և կաշվե մի մեծ պարկ են դնում գլխին: Լայն հագուստ են հագցնում և ուսերի վրա են դնում մի տոպրակ: Այնուհետ հոծ թվով մարդիկ հավաքվում են նրա շուրջը և երգում են այս երգը.


-Հար հար հարունաք             Խոդա բեզան բարունաք      


Սի ու այալ դարուն                Խոդա բեզան բարունաք                         


Գանդոմա զիրե խաքան         Զե թեշնեգի հալաքան


Հար հար հարունաք               Խոդա բեզան բարունաք


Երգի թարգմանությունն է.-Աստված անձրև տեղա, գոնե ընտանիք ունեցողների համար անձրև տեղա, ցորենները հողի տակ ծարավ են, Աստված անձրև տեղա:


Այնուհետև բազմությունը գնում է մեկի տուն: Նա ալյուր կամ ցորեն է տալիս նրանց, բայց նախ մի քիչ ջուր է լցնում նրանց գլխին: Այդ գործը շարունակվում է մինչև գիշեր: Հավաքված ալյուրով հաց են թխում, իսկ հացերից մեկում փոքր փայտիկ են թագցնում: Այնուհետև հացը բաժանում են ժողովրդի մեջ: Փայտի կտորը ում հացի մեջ եղավ, կատակով նրան ծեծում են մինչ մեկը երաշխավորի, որ մինչև այսինչ օրը անձրև կգա:  Թե մինչ այդ օրը անձրև չեկավ, ծեծում են երաշխավորողին, մինչև մեկ ուրիշը գա ու երաշխավորի և այդպես շարունակվում է այդ ծեսը մինչև անձրևելը:


************


Բախթիարիների համար հատուկ նշանակություն ունեն ազգային ու կրոնական տոները, հատկապես նովրուզը, սիզդաբեդարը, իմամների և Մուհամմեդ մարգարեի ծնունդը, Ղուրբանի, Ղադիրի և Ֆեթրի տոները: Նովրուզի սեմին բախթիարիներն իրենց վրանները կանգնեցնում են ջրառատ ու կանաչապատ վայրում: Տոնի գիշերն անց են կացնում իրենց վրանում, իսկ տոնի առաջին օրը հագնում են իրենց տոնական հատուկ զգեստները և գնում են հարազատներին այցելության: Բախթիարիները համոզված են, որ սգո հագուստը անպայման պետք է հանել նախքան նովրուզը: Հակառակ դեպքում պտղաբերությունն ու բարիքը կլքեն այդ ցեղախմբին: Նովրուզի 13-րդ օրը` սիզդաբեդարին դաշտային ծաղիկներով պսակ են պատրաստում:


*************


Բախթիարիներն ունեն իրենց ուրույն երաժշտությունը, որին կանդրադառնանք մեկ այլ հաղորդման ընթացքում:


Պիտակ